Լրահոս
աճ
13:19 23 Սեպտեմբեր
Ամենաընթերցված

Հս. Կորեան հայտարարել է միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկություն չունենալու մասին

Բաքու-ԱՊԱ: Իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ շարունակում է լարված մնալ: Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի ցանկանում ԱՄՆ հետ քննարկել իր միջուկային ու հրթիռային ծրագիրը, քանի դեռ այդ երկիրը չի հրաժարվել իր վարած թշնամական քաղաքականությունից:

Այս մասին ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հայտարարությունում: «Միացյալ Նահանգները պետք է գիտակցի այն փաստը, որ քանի դեռ Վաշինգտոնը վերջ չի տվել Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված թշնամական քաղաքականությանը, մեր միջուկային և հրթիռային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների առարկա, ու Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման վերաբերյալ բանակցությունները երբեք տեղի չեն ունենա»,-ասվում է հայտարարությունում: Ավելի վաղ Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, անդրադառնալով Կորեական թերակղզու շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակին, նշել էր, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ «ռազմավարական համբերության դարաշրջանն այլևս ավարտված է»: «Եթե հարցը վերաբերում է Հյուսիսային Կորեային, ապա վարչակազմի ռազմավարական համբերության դարաշրջանն ավարտված է»,-ասել էր փոխնախագահը Վաշինգտոնում Ուիլսոնի անվան կենտրոնում ելույթ ունենալու ժամանակ: Փենսը նշել է, որ հյուսիսկորեական «բրուտալ ռեժիմն» Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության գլխավոր սպառնալիքն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»:

Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:

Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:

Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Սեպտեմբեր, 2017

USD
1.7008
 
EUR
2.016
 
RR
0.0296